Ինչպես գիտեք, սեպտեմբերի 21-ին նշվելու է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը։ Այս կարևոր հոբելյանը ևս մեկ հնարավորություն է աշխարհասփյուռ հայության համար միասին արժևորելու Հայաստանի անկախությունը, անդրադառնալու մեր երկրի անցած ճանապարհին ու ձեռքբերումներին։ Այս կապակցությամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ցանկանում է համայնքների և գործընկեր կառույցների ուշադրությանը ներկայացնել մի շարք գաղափարներ և հնարավոր ձևաչափեր, որոնք կարող են օգտակար լինել տարբեր երկրներում ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման և դրանց բովանդակության ձևավորման համար։
Կից ներկայացվող առաջարկները նախատեսված են որպես ուղենիշ և գաղափարների փաթեթ և չեն ենթադրում միասնական կամ պարտադիր ձևաչափ։ Յուրաքանչյուր համայնք կարող է, հաշվի առնելով իր հնարավորությունները, առաջնահերթությունները և տեղական առանձնահատկությունները, ընտրել առավել նպատակահարմար նախաձեռնությունները, դրանք հարմարեցնել իր պայմաններին կամ հանդես գալ սեփական գաղափարներով։
Կարևոր է, որ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումները հնարավորություն ընձեռեն ոչ միայն արժանապատվորեն նշելու այս կարևոր տարեդարձը, այլև ներգրավելու համայնքի տարբեր սերունդներին, հատկապես երիտասարդներին, ներկայացնելու Հայաստանի ժամանակակից պատմությունը, մշակույթն ու ձեռքբերումները և նպաստելու Հայաստան–Սփյուռք համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանը։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, իր հերթին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեր գործընկերների հետ համագործակցությամբ, անհրաժեշտության դեպքում պատրաստ է աջակցել համայնքներին՝ միջոցառումների նախապատրաստման և իրականացման ընթացքում տրամադրելով անհրաժեշտ մասնագիտական աջակցություն։
Հուսով ենք, որ ներկայացվող գաղափարները օգտակար կլինեն և կնպաստեն Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի համահայկական, բովանդակալից և արժանապատիվ նշմանը։
Հարգանքով՝
Կարեն Ավանեսյան
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի
Սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ

