Արժանի պարգև՝ Թումոյի հիմնադիր Սեմ Սիմոնյանին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սեմին հանձնեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը՝ կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության զարգացման և հայապահպանության գործում ունեցած երկարամյա ու նշանակալի ավանդի համար։

Արարողության ընթացքում նախագահը պատմեց նաև Թումոյի հետ իր անձնական կապի մասին․ նրա մանկությունն անցել է հենց այն թաղամասում, որտեղ տարիներ անց կառուցվել է Թումոն։ Նախագահի մանկության թաղամասն այսօր մի վայր է, որտեղ հազարավոր պատանիներ կառուցում են իրենց ապագան։ Նախագահը նաև ընդգծեց, որ հատկապես հպարտ է՝ տեսնելով, թե ինչպես է Թումոյի կրթական ծրագիրը հաջողությամբ Հայաստանից արտահանվում և տարածվում աշխարհով մեկ՝ հասնելով մեր երկրի սահմաններից շատ հեռու ապրող պատանիներին։ Սեմ Սիմոնյանի թեկնածությունը պետական պարգևի համար ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Ընդունելով պարգևը՝ Սեմը այն կիսեց իր կնոջ՝ Սիլվա Սիմոնյանի հետ՝ Թումոն և դրա շուրջ ձևավորված ամեն ինչ միասին կառուցած իր գործընկերոջ։ Շնորհավորում ենք, Սեմ և Սիլվա, ու շնորհակալություն՝ Հայաստանի պատանիների ապագան շարունակաբար ավելի մեծ պատկերացնելու համար։

 TUMO Center for Creative Technologies 2026.07.08