«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննություն»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին, որին մասնակցել է շուրջ 120 դիմորդ:

Քննական գործընթացի մեկնարկից առաջ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ, շրջել է քննասենյակներում և հաջողություն մաղթել դիմորդներին։

Նախարարը զրուցել է նաև դիմորդների ծնողների հետ և լսել նրանց նկատառումներն ընդունելության քննությունների առնչությամբ։

Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալների համաձայն՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի համար հայտագրվել է 4232 դիմորդ: Քննությունների արդյունքները կհրապարակվեն 5-րդ օրը․ դիմորդը գնահատականի մասին տեղեկություն կարող է ստանալ իր դպրոցից, քննական կենտրոնից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն. Fb. 2026.23.06