Այսօր Լատվիայում հիշատակի օր է` Լաչպլեսիսի օրը (լատվ․՝ Lāčplēša diena)։ Նշվում է յուրաքանչյուր տարի, նոյեմբերի 11-ին, ի հիշատակ Լատվիայի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների։ Հայրենիքի ազատության համար զենք վերցրած լատվիացիները 1919 թվականի նոյեմբերի 11-ին՝ ազատագրական պատերազմի կարևորագույն դրվագում՝ Ռիգայի ճակատամարտում, թանկ զոհերի գնով հաղթանակ են տարել ռուս-գերմանական կամավորներից կազմված արևմտառուսական կամավորական բանակի նկատմամբ, որի պարագլուխը սպիտակգվարդիական դաշտային հրամանատար Պավել Բերմոնդ-Ավալովն էր (Ավալաշվիլի)։ Հիշատակի այս օրվա անվանումն առնչվում է «Լաչպլեսիս» զինվորական շքանշանի հետ, որի անվանումն էլ, իր հերթին, կապված է լատվիական ազգային էպոսի հերոս Լաչպլեսիսի հետ (հերոսի անունը լատվիերենից բառացի թարգմանած նշանակում է արջ պատռող)։ Օրը նշվում է երթերով և մոմավառությամբ։
Նաիրա Խաչատրյան Fb

