ՆԱՏՕ–ն պարտավոր է

Հայ Յեղափոխական Դաշնակցության Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական կազմակերպությունը հավաքվել են նախագահական նստավայրի առջև, որպեսզի իրենց բողոքի ձայնը լսելի դարձնեն ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենին, ով քիչ հետո պետք է հանդիպում ունենա նախագահ Սերժ Սարգսյանի նետ։

Ցուցարարները պարզել են NATO Azerbaijan Cooperation, Oil A New European Value? NatO-Safarov վերտառությամբ ցուցապաստառներ, որոնցից մեկին փակցված է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի լուսանկարը՝ «Քնած դիվանագետը դիրքում քնած զինվորից վատ է» գրությամբ։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց պահանջն է, որպեսզի ՆԱՏՕ–ն հստակ կեցվածք դրսևորի Ռամիլ Սաֆարովի արտահանձնման առնչությամբ և արժանի գնահատական տա, քանի որ Գուրգեն Մարգարյանի սպանությունը տեղի է ունեցել հենց ՆԱՏՕ–ի կազմակերպած դասընթացների ժամանակ, ինչը նշանակում է, որ ՆԱՏՕ պարտավոր է հետամուտ լինեն այս ամենին։

«Մեզ համար անընդունելի է, որ Ադրբեջանի և Հունգարիայի այս մութ գործարքից ՆԱՏՕ–ն տեղյակ չէր և մենք հայտնվում ենք այս վիճակում։ Սա նոր սպանությունների դուռ է բացում։ Մարդասպանը պետք է արժանի պատիժ ստանա»,– ասաց նա՝ ավելացնելով, որ Ռամիլ Սաֆարովը պետք է կրի այն պատիժը, որը սահմանել է Հունգարիայի դատարանը։

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը քիչ առաջ ժամանեց ՀՀ նախագահի նստավայր, որտեղ ցուցարարները նրան դիմավորեցին «Ա–մոթ, ա–մոթ» վանկարկումով։:

http://www.tert.am