ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ «մենք չենք վախենում մարդասպաններից, եթե նույնիսկ նրանք վայելում են առաջին դեմքի բարձր հովանավորությունը»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նախագահն այդ մասին ասել է ԼՂՀ անկախության տոնի առթիվ արված շնորհավորական ուղերձում:
«1991 թվականին, երբ Արցախի ժողովուրդն իր պատմական որոշումն էր ընդունում, մենք ասում էինք Ադրբեջանին, որ հայությանը այդ աստիճան թերագնահատել չի կարելի: Մեզ չլսեցին: Մենք ասում էինք, որ չենք ուզում պատերազմ, բայց պատրաստ ենք եւ կռվելու ենք: Մեզ չլսեցին: Մենք ասում էինք, որ հակահայ մոլագարներից, սադիստներից եւ մարդասպաններից մենք չենք վախենում, մենք դա արդեն անցել ենք: Մեզ չլսեցին: Եվ սանձազերծեցին պատերազմ, որն ուներ հստակ նպատակ՝ բնաջնջել հայությանն առնվազն Արցախի տարածքում կամ նվազագույնը բռնագաղթեցնել արցախահայությանը: Էթնիկ զտում իրականացնելու ծրագրերը տապալվեցին, ինչպես տապալվելու են բոլոր նորերը:
Այսօր մենք նույնն ենք ասում. չի կարելի թերագնահատել հայությանը, մենք չենք ուզում պատերազմ, բայց այն մեզ պարտադրելու դեպքում կռվելու ենք եւ հաղթելու, մենք չենք վախենում մարդասպաններից, եթե նույնիսկ նրանք վայելում են առաջին դեմքի բարձր հովանավորությունը: Բայց մեզ էլի չեն լսում: Մեղքը իրենց վիզը:
Վերջին օրերին մենք վկան եղանք սահմռկեցուցիչ իրադարձության: Քնած վիճակում հայ սպային կացնահարողը ազատ արձակվեց: Այս առթիվ մենք ակնկալում ենք միջազգային կառույցների, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահների արձագանքը: Բայց անկախ այդ արձագանքից, Արցախի ժողովրդի եւ ողջ հայության անունից ես ուզում եմ հարց տալ. արդյո՞ք, այսքանից հետո մոլորակի վրա կգտնվի մեկ մարդ, ով կառաջարկի Արցախի ժողովրդին մտնել Ադրբեջանի կազմի մեջ, մի երկրի, որտեղ ապօրինի հրամանագրերով ազատվում ու հասարակայնորեն հերոսացվում է միայն հայ լինելու համար մարդուն սպանող յուրաքանչյուր տականք», — ասել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահը շեշտել է, որ «եվրոպական արդարադատության ավելի մեծ վարկաբեկում դժվար էր պատկերացնել, հատկապես Հայաստանի եւ Արցախի համար, որովհետեւ մեզ համար դրանք ուղենշային են, բայց մենք դա էլ տեսանք»:
«Ցավոք, Արցախի պատմությունը նվաճողների, բաշիբոզուկների պակաս չունի: Մենք դա գիտենք, գիտենք նաեւ նրանց ուղարկել իրենց արժանի տեղը՝ պատմության աղբանոց: Մենք դա պարբերաբար արել ենք. պետք լինի էլի՛ ենք անելու», — ասել է Սերժ Սարգսյանը:

