ԱՄՆ-ում բնակվող 6-ամյա հայ դաշնակահար Ալեք Վան Հաջադուրյանը ներկայացրել է իր նոր՝ «6» ալբոմը, որն անվանվել է իր տարիքի պատվին; Ռելիզում ներառվել են հինգ դասական ստեղծագործություններ, որոնք Ալեքը կատարել է վերջին մեկ տարվա ընթացքում, ինչպես նաև նրա առաջին հեղինակային ստեղծագործությունը՝ «September Trees»։
«Նա շատ է աշխատել այս պահի համար և իր ամբողջ հոգին է ներդրել այս ալբոմում»,- պատմել է երիտասարդ երաժշտի ընտանիքը։
Ալեքի համար սա արդեն երկրորդ թողարկումն է։ Անցյալ տարի նա ներկայացրել էր «5» մինի-ալբոմը։ Վեց տարեկանում դաշնակահարը հասցրել է ելույթ ունենալ Նյու Յորքի Քարնեգի Հոլի և Լոս Անջելեսի Ուոլթ Դիսնեյի համերգասրահների բեմերում, ինչպես նաև մրցանակային տեղեր զբաղեցնել միջազգային երաժշտական մրցույթներում։
Այժմ նրա երաժշտական պատմության մեջ նոր կարևոր էջ է բացվել․ առաջին անգամ Ալեքը ոչ միայն կատարում է երաժշտություն, այլև ինքն է ստեղծում այն:
style.news.am 2026.24.08

