«Ռոսլին» հանդեսի «Վերարժևորում 2025» մրցանակաբաշխունը

2026 թ. մարտի 24-ին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում կայացավ «Ռոսլին» հանդեսի «Վերարժևորում 2025» մրցանակաբաշխումը։ Մրցանակը շնորհվեց «Վալմարի ինքնադիմանկարները» հոդվածին («Ռոսլին», թիվ 4 (18), 2025 թ.), որի հեղինակն է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտքարտուղար, Կերպարվեստի բաժնի ավագ գիտաշխատող Մարգարիտա Քամալյանը:

Որքան էլ ՀՀ ժողովրդական նկարիչ Վլադիմիր Մարգարյանը (հանրածանոթ՝ Վալմար անունով) հանրահայտ է և՛ Հայաստանում, և՛ երկրի սահմաններից դուրս, այնուամենայնիվ արվեստաբան Մ. Քամալյանին հաջողվել է դիտարկում-վերլուծությամբ բացահայտել արվեստագետին նոր, ինչ-որ առումով անսպասելի լույսի ներքո՝ ամբողջացնելով վերջինիս գաղափարա-գեղագիտական ինքնության նկարագրությունը:

Հիշեցնենք, որ «Վերարժևորում» նախագիծը մեկնարկեց 2023-ին՝ «Ռոսլին» արվեստի հանդեսի հիմնադիր մեկենաս ամուսնական զույգի՝ Գրիգոր Մովսիսյանի և Նաիրա Կարապետյանի մտահղացմամբ և նյութականացմամբ։

Փաստենք, որ ամեն տարի «Վերարժևորում» մրցանակին հավակնում են մի քանի արվեստաբան: Այսպիսով, առկա է մրցակցային կառուցողական միջավայր: Քննարկումների արդյունքում հանդեսի խմբագրական խորհուրդը՝ Աննա Ասատրյան, Արարատ Աղասյան, Վրեժ Առաքելյան կազմով, 2025 թ․ մրցանակը հանձնեց Մարգարիտա Քամալյանին։

Արվեստաբանին շնորհվեց Վկայագիր և փայտե մրցատուփ, որի ներսում փորագրված են Հովհաննես Ավետարանչի խոսքերը . «Մարդն իրենից որեւէ բան անել չի կարող, եթէ նրան ի վերուստ՝ երկնքից այն տրուած չէ»:

 Աննա Ասատրյան. Fb. 2026.23.03