Հարգելի՛ գիտնականներ, գիտաշխատողներ, հետազոտող-ուսումնասիրողներ և ավանդական մշակույթով հետաքրքրվող անձիք, «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի հայ ավանդական մշակույթի ուսումնասիրության և հետազոտման «Կարին» գիտական կենտրոնը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի հետ համատեղ հայ էթնոպարագիտության 125 ամյակին ընդառաջ կազմակերպում է պարագիտական գիտաժողով, որը նվիրված կլինի հայ անվանի պարագետ, ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր Էմմա Պետրոոսյանի հիշատակին։
Գիտաժողովը տեղի կունենա սույն թվականի հունիսի 15-16-ին։
Գիտաժողովի թեմատիկ բովանդակությունն է՝
1. Հայ ավանդական պարի հիշատակումներ-աղբյուրաբանություն․
Թեման ենթադրում է ուսումնասիրություններ տարբեր պատմաբանների, գրողների աշխատություններում, ժողովրդական բանավոր արվեստում, պատկերագրական, գրական, թվային, արխիվային և այլ աղբյուներում պահպանված, հիշատակված կամ նկարագրված հայ ավանդական պարերի վերաբերյալ, որոնք մինչ այժմ չեն ուսումնասիրվել, կամ ուսումնասիրվել են ոչ ամբողջությամբ, կամ զգում են լրացուցիչ հետազոտության կարիք։
2. Մեկ պարի կամ պարատեսակի համալիր ուսումնասիրություն․
Ի նկատի է առնվում որևէ կոնկրետ պարի կամ պարատեսակի (պարաընտանիքի) համակարգային վերլուծություն, բոլոր բաղադրիչների (շարժական տեքստի, մեղեդու (պարերգի), պարանվանման, բնույթի․․․) խորը, համապարփակ ուսումնասիրություն, համեմատություն, զուգադրում և այլն։
3. Շարժումների գրանցման համակարգեր․
Ուսումնասիրություններ շարժման գրանցման լիսիցյանական (կինետոգրաֆիա/կաքավագիր) համակարգի, ինչպես նաև այսօր համաշխարհային փորձառության մեջ կիրառվող այլ համակարգերի և գործիքակազմերի վերաբերյալ։
4. Անվանի պարագետները․
Հետազոտություններ հայ և այլազգի անվանի պարագետների կյանքն ու գործունեությունը լուսաբանող, հետազոտող, ուսումնասիրող, նրանց կատարած բանահավաքչական և հետազոտական աշխատանքային մեթոդները պարզաբանող, համեմատող, դիտարկող և այլ թեմաներով։
«Կարին» գիտական կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի անունից սիրով հրավիրում ենք ոլորտի մասնագետներին և հետաքրքրվող անձանց մասնակցելու և
իրենց ուսումնասիրությունները ներկայացնելու միջոցով ևս մեկ անգամ ոգեկոչելու մեծանուն գիտնականին։
Խնդրում ենք`
• ուսումնասիրությունների ամփոփագրերը (abstract) ներկայացնել 250-300 բառի սահմաններում (տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 12)։ Հնարավորության դեպքում հայտում նշել նաև վերջնական աշխատության մոտավոր ծավալը (էջերով)։ Ամփոփագրի էլեկտրոնային փաստաթուղթը վերնագրել հետևյալ կերպ՝ հեղինակի (կամ համահեղինակների) ազգանուն/ներ, անվան առաջին տառ, ուսումնասիրության վերնագիրը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի ապրիլի 7-ն է։
Մասնակցության հայտ ներկայացնելու և ամփոփագրերն ուղարկելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/JKdwDufGNxKskR7r8
ԿԱՐԻՆ Գիտական Կենտրոն/ KARIN Scientific Center и Ազգային երգ ու պարի ակադեմիա-ԱԵՊԱ / National Song and Dance Academy-NSDA

