ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի շնորհավորանք

Սփյուռքի սիրելի քույրեր եւ եղբայրներ,
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի եւ անձամբ իմ անունից ջերմորեն
շնորհավորում եմ ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
2025 թվականը Հայաստանի համար նշանակալի էր միաժամանակ մի քանի ռազմավարական
ուղղություններով արձանագրված առաջընթացով։ Տարվա ընթացքում շարունակվել են
պետական կառավարման, տնտեսության, կրթության եւ ինստիտուցիոնալ զարգացմանն ուղղված բարեփոխումները՝ միտված ավելի կայուն, արդյունավետ եւ կանխատեսելի պետության կառուցմանը։


Խաղաղության օրակարգի շրջանակում իրականացված քաղաքական եւ դիվանագիտական
քայլերը վերահաստատեցին Հայաստանի հանձնառությունը՝ տարածաշրջանում
արժանապատիվ եւ երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ։ Այս
գործընթացները նպաստում են անվտանգ միջավայրի ձեւավորմանը, ներդրումային
վստահության ամրապնդմանը եւ տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը:
Խաղաղությունն ու բարեփոխումները փոխկապակցված են տնտեսական աճի,
տարածաշրջանային համագործակցության եւ մարդկանց կյանքի որակի բարելավման հետ։
Զարգացող ենթակառուցվածքները, կրթական եւ տեխնոլոգիական նախաձեռնությունները,
ինչպես նաեւ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը ձեւավորում են այն ներկան,
որի վրա կառուցվում է Հայաստանի բարեկեցիկ ապագան։
Այս համատեքստում սփյուռքի ներգրավվածությունը ունի առանցքային նշանակություն։
Սփյուռքը Հայաստանի համար ոչ միայն մեր պատմական հիշողությունն ու մշակութային
ինքնությունն է, այլեւ վստահելի գործընկեր՝ իր գիտելիքով, փորձով եւ նախաձեռնությամբ։
Միեւնույն ժամանակ, մեզ համար կարեւոր է, որ յուրաքանչյուր սփյուռքահայ զգա պետության
շարունակական ուշադրությունն ու աջակցությունը։ Հայաստանի Հանրապետությունը
պատրաստ է աջակցել սփյուռքին թե՛ համայնքներում իրականացվող ծրագրերի, թե՛
Հայաստանում ապրելու, աշխատելու, ներդրումներ կատարելու կամ գործունեություն սկսելու
գործընթացներում։
Մեր առաքելությունն է ստեղծել բաց եւ վստահելի միջավայր, որտեղ սփյուռքի ներուժը բնական
կերպով կներառվի Հայաստանի զարգացման օրակարգում, իսկ յուրաքանչյուր
նախաձեռնություն կստանա գործընկերային եւ պետական աջակցություն։
Վստահ եմ, որ համատեղ, հետեւողական եւ երկարաժամկետ մտածողությամբ աշխատանքի
շնորհիվ կկարողանանք արձանագրել նոր հաջողություններ, արդյունավետ արձագանքել առկա
մարտահրավերներին եւ ձեւավորել խաղաղ, զարգացող ու բարեկեցիկ Հայաստան՝ որպես ներկա
իրականություն եւ ապագայի հստակ տեսլական։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն անհատներին, կազմակերպություններին եւ
կառույցներին, որոնք իրենց մասնակցությամբ եւ պատասխանատվությամբ նպաստում են
Հայաստանի խաղաղությանը, Հայաստան–սփյուռք հարաբերությունների զարգացմանը եւ
համահայկական համերաշխության ամրապնդմանը։
Բոլորիս մաղթում եմ խաղաղ, առողջ եւ հաջողություններով լի տարի։
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆ
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար