ԵՐՎԱՆԴ ԵՐԿԱՆՅԱՆԻ «ՁՈՆ» ՍԻՄՖՈՆԻԿ ՊՈԵՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ ԷՐ

Նրա ստեղծագործությունների ամեն մի երաժշտական «արտահայտություն» միտք և իմաստ ունի, գեղարվեստական ձևը զուտ գեղագիտության կամ երաժշտական երկ հյուսելու վարպետության ցուցանք չէ՛, այլ յուրատիպ հնարանք է՝ տալու կոմպոզիտորի զգացածն ու մտածածը, խոհը, ժամանակների գնահատանքը՝ անցյալի վերաիմաստավորումը, ներկայիս գնահատանքը, ապագայի տեսլականը։

Երվանդ Երկանյանը ստեղծագործությունը երաժշտական հստակ ձևակերպերված խորն ու իմաստուն խոհամտածություն է, և գնահատանքիս ամենաթարմ ապացույցն է 2025 թ․նոյեմբերի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած համերգին իր սիմֆոնիկ «Ձոն» ստեղծագործության կատարումը։ Դա «Ձոն»-ի համաշխարհային պրեմիերան էր՝ Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։ Հեղինակն այս գործը հատուկ գրել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանի առթիվ, նվիրում, որ խորհրդանշորեն նվագախմբի անցած ուղու և նկարագրի բնութագրումն է, սիմֆոնիկ պոեմ, որ անգամ փոքր ծավալի սահմաններում այնքան տարողունակ և խոսուն է, որ լսածիս ու զգացածիս շուրջ մի ծավալուն շարադրություն կարող եմ գրել։ Երաժշտական թեմայի կառույցի իր հնարքն ունկնդրին ներկայացնում է հայոց՝ վերջին հարյուրամյա ընթացքը, որին զուգընթաց և ներդաշն ընթացել, հանդես է եկել ազգային սիմֆոնիկը։ Սիմֆոնիկ պոեմը վառ գույներով հյուսված, բարձրահունչ, կուռ կառույցով կտավ է, որի պատումը սկսվում է նորահաստատ անկախությամբ երկրի կառուցման ոգեշունչ արարման երգով, որի հունչերը տագնապալից են դառնում՝ երկիրս պատուհասած իրադարձությունների՝ իմ ընկալմամբ՝ անիրավ հետապնդումների ժամանակներում և պատերազմի ավերածությանը դիմագրավելու հերոսականության երաժշտական նկարագրությունում, ապա դարձյալ՝ վերադառնում ենք դեպի ստեղծարար ընթացքի և չարենցյան՝ արևին, ուրեմն՝ կյանքին ու սիրուն լուսարար նվիրումների հանգույն արտահայտիչ երաժշտական նկարագրությանը։ Լեցուն, խիտ, փոքր ծավալի մեջ մոնումենտալ տարողությամբ այս երկը ձոն է ոչ միայն ազգային ֆիլհարմոնիկի հարյուրամյա ընթացքին, այլ առավել լայն ընդգրկում ունենալով՝ հայոց ընթացքի մասին է՝ դեպի ԼՈՒՅՍ։

Հասմիկ Սարգսյան