2025թ․ սեպտեմբերի 12-ին Հայաստանի նկարիչների միությունում կբացվի ճանաչված արվեստագետ և կերպարվեստի դասախոս Նոնա Գաբրիելյանի անհատական ցուցահանդեսը։ Ցուցադրությունը կտևի մինչև սեպտեմբերի 24-ը։ Նոնա Գաբրիելյանը ծնվել է Թբիլիսիում 1944թ., ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտուտը և 1971թ. -ից հանդիսանում է Հայաստանի Նկարիչների Միության անդամ։ 1992թ.-ից, ավելի քան երեք տասնամյակ նկարչուհին ապրել և ստեղծագործել է Վիսբադենում (Գերմանիա)՝ ձևավորելով իր ինքնատիպ ստեղծագործական աշխարհը և ուսուցանելով գեղանկարչություն։ Նոնա Գաբրիելյանը մեծապես նպաստել է հայ-գերմանական մշակութային երկխոսությանը՝ կազմակերպելով հայ և գեմանացի նկարիչների համատեղ ցուցահանդեսներ ինչպես Գերմանիայում, այնպես էլ Հայաստանում։
Երեք տարի առաջ Նոնա Գաբրիելյանը վերադարձավ Հայաստան և ներկայումս ապրում և ստեղծագործում է Երևանում։ Նրա արվեստին հատուկ է փիլիսոփայական խորությունն ու հուզական երանգները։ Նկարչուհու յուրաքանչյուր գործ կրում է ազատ ինքնարտահայտման ձեվը, նուրբ ներդաշնակությունը և ժամանակի հետ երկխոսությունը։ «Վերադառնալով Հայաստան՝ ես նոր փուլ եմ զգում։ Այստեղ ես նորից իմ տանն եմ, և այստեղ են իմ նկարները գտնում իրենց նոր կյանքը», — ասում է Նոնա Գաբրիելյանը։ Ցուցահանդեսի համար տպագրվել է նոր կատալոգ։ Բացման օրը այցելուները հնարավորություն կունենան անձամբ հանդիպելու հեղինակին։

