Մայիսի 25-ին Տալլիննի Վասե 10 հասցեում գտնվող Էստոնիայի Հայկական Ազգային Միության կենտրոնը վերածվեց մշակութային օջախի՝ Գրքի Տարին նշող տոնական միջոցառման շնորհիվ։ Գիրքը՝ որպես հոգևոր ժառանգության կրող, արժանացավ երկխոսության, հիացմունքի ու գովասանքի՝ հայ և էստոնական գրականության ժառանգության անմար լույսերի ներքո։
Ցուցահանդեսում ներկայացված էին հայ գրականության գոհարները՝ Թումանյանի, Իսահակյանի, Չարենցի, Սևակի, Շիրազի ստեղծագործությունները՝ կողք կողքի Տամսարեի, Լիվեի, Մարի Ունդի և Կապլինսկիի գրքերի հետ՝ վկայելով երկու ժողովուրդների հոգևոր հարազատության մասին։ Հատուկ շեշտվեց, որ Հովհաննես Թումանյանի հեքիաթները թարգմանվել են էստոներեն՝ նվիրելով ընթերցող սերունդներին հեքիաթային աշխարհի գանձերը:
Տոնական հանդիսության բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԷՀԱՄ նախագահ Ռազմիկ Իվանյանը։ Միջոցառումը հարստացվեց Տալլիննի հայկական կիրակնօրյա դպրոցի սաների հիանալի կատարումներով՝ ուսուցիչներ Զառա Ոսկանյանի և Արեգնազ Հարոյանի ղեկավարությամբ։ Հայկական պոեզիայի ընթերցմամբ հանդես եկան Արեգնազ Հարոյանը, Ռոբերտ Բեգլարյանը և Մարինա Ոսկանյանը։ Իսկ համերգի երաժշտական գագաթնակետը դարձավ էստոնացի հանրահայտ երգիչ Տոոմաս Կուտերի փայլուն կատարումը, ում նվագակցում էր Համբարձում Քեչեկը։ Գրքի տարում կայացած այս միջոցառումը վերածվեց ոչ միայն գրականության տոնի, այլև եղբայրական ժողովուրդների մերձեցման շքեղ խորհրդանիշի՝ ամրացնելով հայ-էստոնական մշակութային կապերը:

