Ամենայն Հայոց Կաթողիկոս ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ անունով

 Կասյան փողոցը անվանափոխվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ անունով;

Դա ուրախացնում է։ Երևանի փողոցներում բոլշևիկի մեկ անունը պակասել է:

Կարդանք, թե ինչ է գրել ժամանակին հայտնի նկարիչ Է.Իսաբեկյանը այս խոշոր անձնավորության մասին

  • Տեր Աստված, ի՜նչ մարդ էր այդ ֆենոմենը, որ եկավ իր նախնիների երկիր  Հայաստան…….

Նրան գոնե մի անգամ տեսնողը առհավետ մնում էր նրա տեսքին կարոտ: Նրա հմայքը բազմապատկվում էր նաև նրա սիրուց դեպի մարդը, հայը, որին շատ էր պետք նրա՝ մեծ հայի սերը իրեն նկատմամբ, հայի նկատմամբ, որն էլ շռայլորեն բաժին էր հանում բոլորին  — բոլորին և…. այդ մեծը ՎԵՀԱՓԱՌՆ էր, ամենայն հայոց հայրապետ Վազգեն Առաջինը:

Մի քանի սերունդ, ինչպես և իմ սերունդը,  «բախտի» մասին կարող էինք երազել: Եվ այդ չճարվող, չտեսնված բանը բերեց այդ և բախտ ունեցանք վերջապես տեսնելու այդ բախտ կոչեցյալը՝ մեզ հայորդիներիս մեղմ և թեթև քմծիծաղով միշտ դիմավորող մեր «հալն» ու առողջությունը հարցնող, մեզ հետ ապրող , մեզ կյանք ու գործ սովորեցնող, ուսուցչին, մեր Վեհափառին, որը մեզանից 3-4 տարի էր մեծ ընդամենը…և մենք, ես հասկացա , թե ինչ կնշանակի այդ բախտ կոչեցյալը, որ մարդը միայն կարող է տալ…և ուրիշ ոչինչը՝ ոչ հարստությունը, ոչ փառքը նրա հետ ապրելու ժամանակի մեջ…

Ժամանակ, որը կարծես թե անցնող է, բայց կարող է կանգնել նույն ժամի վրա : 

Ես, որ չեմ սիրում հայերենում եղած մեծարանքի բառերը կրկնել, «շռայլել» , ինչպես ասում են…կուզենայի մի պահ ունենալ Նարեկացու…ընդամենը մի պահ, հոմանիշների անվերջանալիությունից մի երկու տասնյակը, կրկնել, հեգել Վեհափառի համար, բայց երևի թե չկարողանամ այդ մի պահն էլ գտնել….

ԻՆՔԸ ՐԱԲՈՒՆԱՊԵՏ ԷՐ ԱՌԱՆՑ ՉԱԿԵՐՏՆԵՐԻ

Էդուարդ Իսաբեկյան