Լիտվայում ՀՀ🇦🇲 դեսպանի և Վիլնյուսի համալսարանի ռեկտորի հանդիպում

Հուլիսի 10-ին Լիտվայում🇱🇹 ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Վիլնյուսի համալսարանի ռեկտոր պրոֆ․ Ռիմվիդաս Պետրասուսկասին։ Շնորհավորելով ռեկտորի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանը Ռ․ Պետրասուկասին բեղմնավոր գործունեություն և հաջողություն մաղթեց։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և այցելության համար՝ ռեկտոր Պետրաուսկասն իր պատրաստակամությունը հայտնեց խորացնելու ՀՀ դեսպանության հետ համագործակցությունը և նպաստելու նոր և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։ Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ դեսպանության գործունեության հիմնական ուղղությունները, կրթական, մշակութային ոլորտներում իրականացվող միջոցառումները, հայ-լիտվական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ Վիլնյուսի համալսարանն իր մեծ ավանդը կարող է ունենալ երկու ժողովուրդների միջև բարեկամության խորացման գործում։Կողմերը քննարկեցին նաև Վիլնյուսի համալսարանում հայագիտության ծրագրի հաստատման հաստատման հնարավորությունները՝ պայմանավորվածություն ձեռք բերելով առաջիկայում այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել և աշխատանքներ տանել համատեղ գործողությունների ծրագրի ու դրա իրականացման մեխանիզմների կազմման ուղղությամբ։

Հանդիպման ավարտին դեսպան Մկրտչյանը Վիլնյուսի համալսարանի գրադարանին նվիրեց Հայաստանի պատմությանն ու մշակույթին վերաբերող մոտ երկու տասնյակ բարձրարժեք գրքեր։