Կոլորիտային Մեքսիկան Արամ Խաչատրյանը բացահայտել է նաև ցլամարտի միջոցով:
— Ինձ հիացնում է ցլամարտիկի խիզախ կերպարը, շարժումների ճկունությունը, — խոստովանել է Մաեստրոն:
Մեխիկոյում տեղի ունեցած ցլամարտերից մեկի ժամանակ, երբ կոմպոզիտորը հանդիսատեսի հետ միասին դիտում էր այդ հետաքրքրաշարժ խաղը, հանկարծ բարձրախոսով հայտարարվում է.
«Այստեղ`այս հիանալի միջոցառմանը, ներկա է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը: Եկե’ք ողջունենք նրան», — բոլորը ոտքի են կանգնում և ծափահարում:
Հայտարարությունից հետո ցլամարտիկներից մեկը բացականչում է.
— Հարգարժա´ն կոմպոզիտոր, իմ վերջին մարտը նվիրում եմ Ձեզ:
Մարտի ավարտին ցլամարտիկն իր լայնեզր գլխարկը (սոմբրերոն) և ցլի կտրված ականջը հանդիսավոր կերպով նվիրում է Ա. Խաչատրյանին: Կոմպոզիտորը հիշում է.
«Ինձ այնքան էլ դուրեկան չէր արյունոտ ականջ ստանալը, բայց ինձ զարմացրել էր մարտիկի խիզախությունն ու ոգեշնչվածությունը: Ես շնորհակալ էի իմ հանդեպ ցուցաբերած ջերմության և հարգանքի համար: Ի նշան երախտագիտության, ցլամարտիկին հրավիրեցի իմ համերգին, որը կայանալու էր հաջորդ օրը»:
— Ես էլ ինձ հետ կվերցնեմ ցլամարտի ընթացքում հնչած երաժշտության ձայնասկավառակը, — բացականչեց Մաեստրոն:
—
Կուբա/ Էռնեստ Հեմինգուեյ
1960 թվականին հեղինակային համերգներով Արամ Խաչատրյանը մեկնեց Կուբա: Հենց այնտեղ ծանոթացավ ժամանակի իր ամենասիրելի գրողներից մեկի՝ Էռնեստ Հեմինգույեի հետ:
— Դժվար է նկարագրել հուզմունքս, որ զգում էի, երբ կանգնած էի նրա տան շեմին: Առաջին րոպեներին մենք կարծես ուսումնասիրում էինք միմյանց, -խոստովանում է Ա.Խաչատրյանը:
Հեմինգուեյն էլ ուշադիր զննում էր Ա.Խաչատրյանին և նրա տիկնոջը՝ Նինային:
— Ես լավ հոգեբան եմ, կարող եմ մեկ հայացքից ճանաչել մարդուն, — վստահ ասում է Հեմինգուեյը:
— Ներս համեցեք, ճաշենք միասին, — հրավիրեց Հեմինգուեյի կինը՝ Մերին:
Սպասարկում էր սմոկինգ հագած մատուցողը, որն ավելի էր ընդգծում Հեմինգուեյի հագուստի պարզությունը:
— Մերի, սնկով ապուրը, որը պատրաստել եք, շատ համեղ է, — անկեղծորեն արտահայտվեց Նինան:
— Էլի կուզե՞ք, — հարցրեց Մերին:
— Այո,- պատասխանեց Ա.Խաչատրյանի կինը:
Շատ անմիջականորեն, ինչպես մեծ երեխա, Հեմինգուեյն իր ափսեի մեջ մնացած ապուրը լցրեց Նինայի ափսեի մեջ: Նինան արագ կերավ Էռնեստ Հեմինգուեյի ապուրը: Իմանալով իր կնոջ զզվող լինելու մասին՝ Ա. Խաչատրյանը հետո նրան հարցրեց.
— Ինչպե՞ս որոշեցիր ուտել Հեմինգուեյի ապուրը:
— Ես որոշեցի, – պատասխանեց Նինան,- որ նման մեծ գրողին կարելի է ներել նմանատիպ լուծումները: Ես պատկերացրեցի, որ մենք լողում ենք օվկիանոսում նույն նավակով և իրավիճակը լրիվ արդարացրեց գրողի արարքը:

