9-րդ «Ոսկե Ծիրան»-ը:

«Ոսկե Ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը տեղի կունենա 2012թ. հուլիսի 8-15-ը: Այս տարի փառատոնն ստացել է 1020 հայտ (անցյալ տարի` մոտ 700 հայտ)`աշխարհի շուրջ 70 երկրից, ինչը վկայում է «Ոսկե Ծիրան»-ի հանդեպ տարեցտարի աճող հետաքրքրության մասին:

Այս մասին է վկայում նաև փառատոնին հանրահայտ կինոգործիչների ներկայությունը, ինչն արդեն դարձել է «Ոսկե Ծիրան»-ի ամենասպասված ավանդույթներից մեկը: Այս տարի փառատոնի ժյուրիի նախագահը իսպանացի հայտնի կինոռեժիսոր, 2010թ. Կաննի կինոփառատոնի գլխավոր ժյուրիի կազմի անդամ Վիկտոր Էրիսեն է: Երևանի` գրքի
համաշխարհային մայրաքաղաքի հռչակման առիթով «Ոսկե Ծիրան» կ/փ-ը 2012թ-ին կներկայացնի նոր ծրագիր` «Գիրք և կինո» խորագրով: Ծրագրում ընգրկվելու են հայ և համաշխարհային դասական ստեղծագործությունների էկրանավորումները:

Մրցութային ծրագիրը 2012թ-ին կպահպանի 4 մրցույթները` «Միջազգային խաղարկային», «Միջազգային վավերագրական», «Հայկական համայնապատկեր» և «Կորիզ». վերջինս մեկնարկել է 2011թ-ին և անդրադառնում է երիտասարդ կինոռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերին: Հարուստ ֆիլմացանկով կներկայանան «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերը, որոնցում սպասվում են մի շարք անակնկալներ համաշխարհային կինոյի վարպետներից: Մասնավորապես՝ «Հարգանքի տուրք» ծրագրի շրջանակներում կիրականացվեն Յուրի Երզնկյանի 90-ամյակին («Յուրի Երզնկյանը և իր աշակերտները») և Ֆրունզե Դովլաթյանի 85-ամյակին նվիրված ցուցադրություններ: Հատուկ կարևորությամբ կնշվի Անդրեյ Տարկովսկու80-ամյակը:

Փառատոնի շրջանակներում արդեն 6-րդ անգամ կկազմակերպվի «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը, որը հանդիսանում է «Ռեժիսորներ առանց սահմանների» Արևելյան գործընկերության ծրագրի մի մաս և իրագործվում է Եվրոմիության աջացկությամբ: Ավելի մանրամասն ծրագրի մասին կներկայացվի գալիք մամլո ասուլիսի ընթացքում:

Այս տարի ևս առատոնի կողքին են գլխավոր հովանավոր ու հավատարիմ գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը և ՀՀ Մշակույթի նախարարությունը: