Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

 Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Այսօր բազմահազար հայաստանցիներ, արցախահայեր, սփյուռքահայեր եւ օտարերկրյա հյուրեր են այցելում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկեւկես միլիոն հայերի հիշատակին:

Հիշատակի օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. — «1915-1923 թվականներին հայության, մարդկության ու քաղաքակրթության դեմ կատարվել է ոճիր, որ այդ ժամանակ դեռ անուն չուներ: Հետագայում տրված բոլոր անուններն ու բնորոշումները` լինեն բարոյական, իրավական, թե քաղաքական, պայմանական են եւ միայն մասնակիորեն են արտահայտում կատարվածը: Ողբերգության ողջ ծավալն ու խորությունը գիտենք միայն մենք, եւ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ անկյունում էլ գտնվի, իր անձնական ճակատագրի վրա է զգում Մեծ եղեռնի ավերիչ հետեւանքները թե՛ բարոյական, թե՛ մշակութային, թե՛ լեզվական եւ թե՛ քաղաքական առումներով»:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ուղերձներ են հղել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը աշխարհի խորհրդարաններին կոչ է անում` հանուն պատմական արդարության վերականգնման, հետագա ցեղասպանությունների կանխման եւ ազգերի միջեւ բարիդրացիության հաստատման ճանաչել եւ դատապարտել հայ, ասորի եւ հույն ժողովուրդների նկատմամբ անցած դարասկզբին Թուրքիայում իրականացված ցեղասպանությունները», — ասված է, մասնավորապես, Հովիկ Աբրահամյանի ուղերձում, որը տեղադրված է Ազգային ժողովի կայքէջում: — «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դիմում է Թուրքիայի օրենսդիր եւ գործադիր իշխանություններին` վերացնելու բոլոր իրավական, քաղաքական եւ այլ արգելքները, որոնք թույլ չեն տալիս Թուրքիայի հասարակությանը անկաշկանդ ձեւով ուսումնասիրելու անցյալը, հատկապես` Հայոց ցեղասպանության փաստն ու մարդկության դեմ իրականացված ոճիրում այսօրվա Թուրքիայի պատասխանատվությունը»:

«Հայոց ցեղասպանությունն իրականացման օրվանից դարձել է ոչ միայն մեր, այլեւ համաշխարհային պատմության այնպիսի դրվագ, որը հնարավոր չէ ջնջել դիվանագիտական վավերագրերից ու դուրս թողնել քսաներորդ դարի ժամանակագրությունից. անգամ այն մարդկանց հիշողությունից, ում նախնիներն են իրականացրել ցեղասպանությունը: Մեր ժողովրդի պահանջը հստակ է. Հայոց ցեղասպանությունը պետք է ստանա իրավական, քաղաքական ու բարոյական համապատասխան գնահատական», — ասված է վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձում, որը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:

Աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներ՝ այդ թվում Ուրուգվայը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Կանադան, Արգենտինան, պաշտոնապես ընդունել են, որ նախորդ դարասկզբին հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր: