Սիրիահայերը ցանկանում են Հայաստան գալ: Այնտեղ իրավիճակը խառն է, կրակոցներ են հնչում, պայթյուններ տեղի ունենում… մարդիկ չգիտեն ինչքան կտեւի այդ ամենը, կյանքը վտանգավոր է դարձել…
«Ուզում ենք, ուզում ենք, ուզում ենք…», – ասում է Վազգեն Մեսրոպյանը մոտ 10 տարի է` Հայաստանում է բնակվում՝ Սիրիայում այժմ տիրող իրավիճակը նմանեցնելով 90-ականների Հայաստանին։ – «Չգիտենք` քանի՞ տարի պետք է այսպես լինի: Ահաբեկիչները հա՛ տրաքացնում են, գողանում են սալյարկան, գողանում են բենզինը… ահավոր վիճակ է»:
Վազգեն Մեսրոպյանն ասում է՝ Սիրիան թողնելու համար հայերը էլի պատճառներ ունեն՝ մարդկանց առեւանգում են, գլխագին պահանջում։ Նա հիշատակեց մի դեպք՝ Հալեպում մի հայ երիտասարդի առեւանգել էին, եւ վերադարձրել միայն այն բանից հետո, երբ տեղի հայ համայնքը հայթայթել էր պահանջվող գլխագինը։
Ջորջը մեկ շաբաթ առաջ է եկել: Ասում է` եթե նախկինում Հալեպում կրակոցներ չէին հնչում, հիմա արդեն այնտեղ էլ կյանքն անվտանգ չէ:
Հայաստանի կառավարությունը Սիրիայի հայերին վերաբերող պետական ծրագիր չունի, չնայած նախարարը պնդում էր, որ Հայաստանը պատրաստ է օգնել բոլոր նրանց, ովքեր կգերադասեն հայրենիք գալ: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ սիրիահայերի համար, դեռեւս ծրագիր չկա, քանի որ Հայաստան եկողները առայժմ մեծ թիվ չեն կազմում: Եթե սիրիահայերի հոսքն ավելանա, կարելի կլինի իրաքահայերի համար մշակված ծրագրի նմանությամբ մի ծրագիր էլ կիրառել նրանց համար:


Для отправки комментария необходимо войти на сайт.