Այսօր Ֆլորենցիայում ճանաչված, իտալական կերպարվեստում իր ուրույն տեղն ունեցող հայազգի քանդակագործ Նվարդ Զարյանի (1917-2005) ծննդյան օրն է։ Ծնված լինելով գրող Կոստան Զարյանի և դաշնակահարուհի Թագուհի Շահնազարյանի ընտանիքում՝ Նվարդն իր եղբայրների հետ մանկությունն անցկացրել է հռչակավոր դերասանուհի Էլեոնորա Դուզեի տանը։ Այդ արվեստաշունչ մթնոլորտը հիմք է հանդիսացել, որպեսզի ընտանիքի երեք զավակներն էլ նշանավոր անհատներ դառնան (Վահեն՝ արվեստաբան, Արմենը՝ ճարտարապետ, իսկ Նվարդը՝ քանդակագործ)։
Միլանի, Վենետիկի և Հռոմի Գեղարվեստի ակադեմիաներում ուսանած արվեստագետն ընդամենը 19 տարեկանում արժանացել է դիմաքանդակի մրցույթի առաջին մրցանակին, իսկ հետագայում ակտիվորեն մասնակցել Հռոմի «Quadriennale d’Arte Nationale» և Վենետիկի «Biennale» հեղինակավոր ցուցահանդեսներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա ոչ միայն ստեղծագործել է, այլև մասնակցել իտալական Դիմադրության շարժմանը։
Նվարդ Զարյանը բացառիկ տաղանդ ուներ նույնիսկ ամենապարզ նյութերին (ցեմենտ, երկաթի կտորներ) մոնումենտալ հնչողություն ու գեղարվեստական բարձր արժեք հաղորդելու։ Ինչպես նշել է իտալացի արվեստաբան Մարչելլո Վինտուրոլին․ «Ն․ Զարյանն ունի ինքնուրույն կուռ «լեզու», նյութի և չափերի խոր ըմբռնում»։ Նա մասնակցել է նաև Հռոմի նոր կայարանի դեկորատիվ քանդակազարդմանը։ 1964 թվականին Երևանում կազմակերպված ցուցահանդեսից հետո քանդակագործն իր 25 աշխատանքները նվիրել է Հայաստանի պետական պատկերասրահին։
National Gallery of Armenia/ Հայաստանի ազգային պատկերասրահ

