Արամ Ա. Կաթողիկոսը — Վատիկանում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը երկուշաբթի Վատիկանում առանձնազրույց է ունեցել Ն.Ս. Լեւոն ԺԴ. Պապի հետ, որի ընթացքում քննարկվել են համաքրիստոնեական համագործակցության, Արցախի, ինչպես նաեւ Լիբանանի իրավիճակին վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում Արամ Ա. Կաթողիկոսը կարեւորել է համաքրիստոնեական կյանքում միասնական Զատկի օրացույցի սահմանումը, բոլոր նահատակների հիշատակի միասնական օրվա հաստատումը եւ Վատիկանի նոր համաժողովի գումարումը՝ ընդգծելով, որ այդ հարցերը հրամայական նշանակություն ունեն քրիստոնեական աշխարհում միասնականության ամրապնդման համար։

Անդրադառնալով Արցախին՝ Կաթողիկոսը շեշտել է Արցախի հայության վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո։ Նա նաեւ ընդգծել է հայկական եկեղեցիների եւ պատմական հուշարձանների պահպանության անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքի համաձայն, ինչպես նաեւ պահանջել է Բաքվում պահվող Արցախի ղեկավարների անհապաղ ազատ արձակումը։

Արամ Ա. Կաթողիկոսը խոսել է նաեւ Լիբանանի ներկայիս իրավիճակի մասին՝ ընդգծելով Լիբանանի պետական գերիշխանության եւ ամբողջ տարածքում պետական ներկայության կարեւորությունը։ Նա կոչ է արել Իսրայելի դուրսբերմանը Լիբանանի հարավից եւ հրադադարի պահպանմանը։

Քննարկվել են նաեւ միջեկեղեցական հարաբերություններին եւ էկումենիկ շարժմանը վերաբերող հարցեր։ Կաթողիկոսը նշել է, որ անհրաժեշտ է աստվածաբանական հարցերին զուգահեռ առաջնահերթ ուշադրություն դարձնել նաեւ բարոյագիտական խնդիրներին։ Հաղորդագրության համաձայն՝ Լեւոն ԺԴ. Պապը ըմբռնում եւ աջակցություն է հայտնել բարձրացված հարցերի վերաբերյալ՝ ներկայացնելով նաեւ իր դիտարկումներն ու բացատրությունները։ Պաշտոնական հանդիպումից հետո երկու հոգեւոր առաջնորդները շարունակել են առանձնազրույցը՝ մտքեր եւ մտահոգություններ փոխանակելով վերոնշյալ եւ այլ թեմաների շուրջ։

ORER Armenian European Magazine Fb 2026 18.05