Իտալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորած պատվիրակության կազմում, այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունը։
Հայաստանի պատվիրակությունը շրջայց է կատարել միաբանության թանգարանում, դիտել «Ավետիք Իսահակյանը և Վենետիկը» լուսանկարների ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և Մխիթարյան միաբանության համագործակցությամբ։ Տեղում քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմանը միտված հետագա ծրագրերը, մասնավորապես՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Մխիթարյան միաբանության համատեղ ցուցահանդեսի կազմակերպման հարցը։ Նախատեսվում է միաբանությունում ներկայացնել Մարտիրոս Սարյանի գրքարվեստը։
Այցի շրջանակում Բելլա Իսահակյանը ներկա է գտնվել հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի 150-ամյակի առթիվ Վենետիկի Դորսոդուրո 2266 հասցեում հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը։

