Վաչե Շարաֆյան — 60

Փետրվարի 11-ին իր 60-ամյակն է նշում ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի առաջատար ներկայացուցիչներից մեկը՝ Վաչե Շարաֆյանը ։ Նրա անունը վաղուց դուրս է եկել ազգային շրջանակներից՝ հաստատվելով միջազգային հեղինակավոր բեմերում և նախագծերում։

Շարաֆյանը հեղինակ է ավելի քան հարյուր ստեղծագործությունների՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային և վոկալ ժանրերում։ Նրա ստեղծագործական ժառանգության կարևոր էջերից են «Աբգար արքա» օպերան, «Երկրորդ լուսինը» բալետը, ինչպես նաև ֆիլմերի ու թատերական ներկայացումների համար գրված երաժշտությունները։ Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ է, ուսանել է Էդվարդ Միրզոյանի ղեկավարությամբ։ Տարբեր տարիներին դասավանդել է Երուսաղեմի Հայոց ժառանգավորաց ճեմարանում, Երևանի կոնսերվատորիայում՝՝ Կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ, դոցենտ և արտասահմանյան կրթական հաստատություններում։  Նրա երաժշտությունը հնչել է աշխարհի բազմաթիվ հեղինակավոր բեմերում։ 2001 թվականից Յո-Յո Մայի նախաձեռնած The Silk Road Project-ի շրջանակում հանդես է գալիս որպես Հայաստանից ընտրված կոմպոզիտոր։ Շարաֆյանի ստեղծագործությունները կատարվել են միջազգային առաջատար նվագախմբերի ու մենակատարների կողմից և արժանացել հեղինակավոր երաժշտական պարբերականների բարձր գնահատականներին։

Այսօր շնորհավորում ենք Վաչե Շարաֆյանին հոբելյանի առթիվ՝ մաղթելով ստեղծագործական նոր ձեռքբերումներ և շարունակական ներկայություն համաշխարհային երաժշտական քարտեզի վրա։ Նրա երաժշտությունը կամուրջ է ավանդույթի և ժամանակակից մտածողության միջև՝ հաստատելով հայկական կոմպոզիտորական դպրոցի կենսունակությունը։