Ավարտեցի Արամ Թոփչյանի և Գոհար Մուրադյանի թարգանությամբ և մեկնաբանություններով մեծն Հոմերոսի «Իլիականի» ընթերցումը` լույս ընծայված «Զանգակ» հրատարակչության կողմից։ Անզեն աչքով անգամ տեսանելի է , որ կատարվել է տիտանական աշխատանք, որը մի քանի առումներով հիացմունքի է արժանի։ Նախ, բուն թարգմանությունը պարզապես բացառիկ է։ Այն ցույց է տալիս մեր լեզվի ճկունությունը և անսահման գեղեցկությունն այն աստիճան, որ սկսում ես կասկածել, որ միգուցե արդի հայերենից ավելի հմայիչ որևէ այլ լեզվով չի հնչի այս գրական-պատմական գլուխգործոցների գլուխգործոցը։ Եւ նման մատուցման հեղինակներն են հենց թարգմանիչները։ Վրիպակներ գրեթե չկան, ինչը բացառիկ երևույթ է նման աշխատանքների առաջին հրատարակությունների պարագայում։
Երկրորդ, մեկնաբանությունների գերհարուստ բաժինը ուշադրության է արժանի։ Որպես պատմաբանի ինձ համար միշտ չափազանց կարևոր է պատմական, բայց նաև հաճախ հույժ կարևոր գրական գործերի հարուստ մեկնաբանություններով հրատարակությունները։ Թոփչյանի և Մուրադյանի թարգմանությամբ /անգլերենից, հունարենից և լատիներենից/ բոլոր հրատարակություններն ունեցել են հարուստ մեկնաբանությունների բաժիններ, որոնք այդ աշխատությունների առաջին անգամ ընթերցողներին թույլ են տալիս անհոգ մուտք գործել տվյալ հեղինակի աշխարհը (այնքան գեղեցիկ է այն, որ ամեն օր գործն ընթերցելիս կարծես անցնում ես հատուկ ծեսի միջով), իսկ առավել ուշադիր ուսումնասիրողին՝ գնահատել աշխատության գիտականության աստիճանը։
Երրորդ, արդեն որերորդ հրատարակությունն է «Զանգակ»-ի կողմից, որ տպված է խիստ բարձրաճաշակ նկարազարդումներով, բարձրորակ կազմով և ընդհանուր որակյալ տպագրությամբ։ Գրքի գրավչության և հարատևության համար սրանք կարևոր բաղադրիչներ են, իսկ համաշխարհային գրականության թերևս ամենափառահեղ աշխատանքի համար՝պարտադիր պայման։ Այս առումով երախտիքի խոսքերս ուղղված են «Զանգակ»-ի տնօրինությանը, որը շարունակում է մեզ ներկայացնել անտիկ գրականության բացառիկ նմուշները նման հրատարակությունների միջոցով։
Թարգմանչական, մեկնաբանությունների և նման տպագրական աշխատանքը արժանի են ամենաբարձր գնահատանքի։ Անհնար է անտարբեր անցնել այս աշխատանքի կողքով։ Գնահատենք մեր ունեցածը, մեր լեզուն, մեր մասնագետներին։
Tigran Mkrtchyan Fb 2023.05.04
Добавить комментарий