Այսօր Տալլիննում Ս. Գրիգոր Լուսավորիչ համայնքի եկեղեցին բազմամարդ էր: Հավատավորների ոգևորությունն ակնհայտ էր, քանզի Սուրբ Եղիա Մարգարեի օրվա հիշատակումը կատարվում էր մեկ շաբաթ անց Հոգեգալստի տոնից, երբ Գերաշնորհ Տ․ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի ձեռամբ փառահեղությամբ մատուցվեց Սուրբ Պատարագը: Էստոնաբնակ մեր հայորդիները հոգևոր զարթոնքի ու հավատքի զորացման ակնկալիքներով եկեղեցում միաբանորեն իրենց աղոթքը բարձրացրին առ Աստված, աղոթակցելով Բալթյան երկրների հայոց թեմի Ռիգայի առաջնորդանիստ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվող Սուրբ Պատարագին, որին իրենց մասնակցությունն էին բերել Բալթյան երկրներում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և Լիազոր Դեսպան` Ն.Գ. Պարոն Տիգրան Մկրտչյանն ու նրան ուղեկից Հյուպատոսները:
Վերստին վերապրեցինք Սուրբ Եղիայի՝ ում անունն է թարգմանաբար «Աստծո ամրոց», Կենդանի Աստուծոն հավատարմությամբ մատուցած հոգևոր սխրանքների ու հրաշագործության պատմությունը, ըստ որի մեծ Մարգարեն իր հավատքի ուժով պապանձեցրել էր Բահաղի քրմերին ու դարձի բերել հրեաներին: Մեր եկեղեցում Սուրբ Եղիայի Աստվածային հրաշքով բոցավառված խարույկը պահվում է մեր աղոթքներով, որով ջերմացվում են մեր հավատքի սրտերը, քրիստոնեապաշտական լույսը սփռելով համայն աշխարհին: Այսօր է´լ առավել իմաստալից է 2020թ. հունիսի 5-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միաբանների հետ հանդիպման-քննարկմանը կատարած ուղերձը, որով Հայոց Հայրապետը հորդորել էր սիրով, խաղաղությամբ, համբերատարությամբ, միմյանց հանդեպ բարի ու հոգատար վերաբերմունքով ի զորու լինել հզոր պահելու մեր ազգային-եկեղեցական կյանքը, զորացնելու մեր պետականությունը, առաջընթացի նոր ուղիներով առաջնորդելու երկիր հայրենին։ Որպես հավատավոր հայորդիները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նվիրյալ զավակները կարոտյալ հայրենիքի՝ մեր Հայրապետի ու թեմական Առաջնորդի օրհնությամբ շարունակում ենք իրագործել հավատքի, եկեղեցու զորացման և հայապահպանության սուրբ պատգամը:
Աղոթարար՝ Արմեն Անդրանիկյան
Տալլինն 07.06.2020թ.
Добавить комментарий