Հունվարի 26-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ․Եզրաս արք․Ներսիսյանի հանդիսապետությամբ Ռիգայի Ս․ Գր․Լուսավորիչ հայկական եկեղեցում կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց Տ․Խոսրով քհն․ Ստեփանյանը։ Խորախորհուրդ արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժամանած Տ․Վարդան եպս․Նավասարդյանը, Բալթյան երկրներուն ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, հավատավոր հայորդիներ։ Ռիգայի Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին օծվել և հանդիսավոր բացվել է 2010 թվականին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։ Տ․Խոսրով քհն․ Ստեփանյանը որպես հոգևոր հովիվ 2005 թվականից բարեբեր իր ծառայությունն է բերում Բալթյան երկների հայկական համայնքներում։ Տեր հոր նախաձեռնությամբ տարիներ առաջ Ռիգայի հայկական եկեղեցուն կից բացվել է Ղազարոս Աղայանի անվան կիրակնօրյա դպրոցը, որտեղ հայ մանուկները սովորում են հայերեն, ծանոթանում հայ ժողովրդի և հայ Եկեղեցու պատմությանը, հայկական պարարվեստին։
Սուրբ Պատարագի ավարտին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ կոնդակն ընթերցեց Կալինինգրադի Ս․Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Թորոս քհն․ Եսայանը, որով հռչակվում է Բալթյան երկրների հայոց թեմը՝ առանձնանալով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմից՝ առաջնորդանիստ կենտրոն ունենալով Ռիգայի Ս․ Գր․Լուսավորիչ եկեղեցին։ Պատարագի ավարտին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ․ Եզրաս արք․ Ներսիսյանը բարեողջույնի խոսք ասաց և իր հայրական օրհնությունը բերեց ներկաներին։ Ներկայացնելով նորանշանակ թեմակալ առաջնորդ Տ․ Վարդան եպս․Նավասարդյանին՝ Եզրաս սրբազանը առ Աստված աղոթքով մաղթեց, որ Տերն օգնական և զորավիգ լինի նրան, նոր ձեռքբերումներով ու հաջողություններով զարդարի հոգևոր ծառայությունը՝ ի սպաս հավատավոր հայ ժողովրդի և ի պայծառություն Հայ Եկեղեցու։
Տ․Վարդան եպս․ Նավասարդյանը ծնվել է 1979 թվականին, Երևանում։
2002 թ․-ին ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը։ 2005-ից 2008թթ․եղել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի փոխառաջնորդը։ 2008թ․-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ղեկավար։
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվան
Добавить комментарий